Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը հայ ժողովրդի համար առանձնահատուկ խորհուրդ ունի, քանի որ այն ենթադրվող զգացմունքներ է առաջացրել մեր ժողովրդի մեջ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հաղթանակի զբոսայգում:
«Մենք ԽՍՀՄ հարյուրավոր հերոսներ ենք տվել։ Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռվել ու հաղթել։ Համոզված եմ, որ այդ լիցքերն են, որ մեր ծնողները հաղորդել են նաև ղարաբաղյան պատերազմի մեր ազատամարտիկներին, որոնք նույնպես հերոսաբար դրսևորեցին իրենց ղարաբաղյան պատերազմում։ Դրա շնորհիվ մենք այսօր ունենք լուրջ հաղթանակներ», - կիրակի լրագրողներին ասել է վարչապետը:
Նրա խոսքերով՝ դա ոգևորում է մեզ բոլորիս, որպեսզի ապագայում նույնպես մեծ հաղթանակներ ունենանք։
ՀՀ վարչապետը ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ, ինչից հետո վետերանների հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ այցելել է զբոսայգում կառուցած դաշտային խոհանոց և փորձել այնտեղ պատրաստված կերակուրները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որոնցից 300 հազարը Հայաստանից էին, 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարը՝ արտասահմանյան երկրներից: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 175 հազար հայ:
Պատերազմի տարիներին Խորհրդային միության հերոս է դարձել 109 ռազմիկ:
Հայրենական պատերազմի մեծ զորավարների թվում են Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Իվան Իսակովը:
Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին:-0-