Նիդեռլանդներում անցկացվում է «Հայերը: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը

07.05.2010, 13:47
Նիդեռլանդներում անցկացվում է «Հայերը: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը

«Հայերը: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը, որը նվիրված է 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350 ամյակին, բացվել է Նիդեռլանդների Լեյդենի համալսարանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Հինգերորդ դարում հայկական գրերի գյուտը դարձավ մշակութային այն հզոր ազդակը, որի շնորհիվ հայ պատմագրությունը, թարգմանչական արվեստը, պոեզիան, միջնադարյան փիլիսոփայությունը և, 16-րդ դարից սկսած, հայ տպագիր գիրքը դարձան ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային մշակույթի և մտավոր հարստության անբաժան մասը», - հայտարարել է Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը՝ ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յ.Վայտենբերգի և Արևելյան ցուցանմուշների համակարգող Աrնոլդ Ֆրոլայկի կողմից:

Ցուցահանդեսում ներկայացված են Լեյդենի համալսարանում պահվող հայկական ձեռագիր մատյաններ եւ տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մագաղաթյա գիրք` ժամանակակից թարգմանությամբ: Համալսարանի տրամադրության տակ կա 65  ձեռագիր մատյան, որոնցից 57-ը 1985թ. համիդյան ջարդերի ժամանակ Կիլիկիայի հայերը, ոչնչացումից փրկելու նպատակով, հանձնել են անգլիացի Ռենդել Հարիսին (Rendel Harris), որը հետագայում դարձել է Լեյդենի համալսարանի տնօրենը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը:-0-