ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զեկույցով հանդես կգա նախօրեին Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նիստի ժամանակ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բավականին ազդեցիկ ուժ է։ Այն հիմնադրվել է 1976 թվականին, կենտրոնակայանը` Բրյուսել: Եվրոպայի խոշորագույն այս կուսակցությունը բնորոշվում է որպես կենտրոնամետ-աջակողմյան ուղղություն։ ԵԺԿ անդամ է 39 երկրի 72 կուսակցություն։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Տիգրան Սարգսյանի և Չեխիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Սիրիլ Սվոբոդայի ելույթներին հաջորդելու են քննարկումներ, որոնց կմասնակցի Եվրոպական խորհրդարանի նախագահ Ջերզի Բուզեկը։
Նիստի քննարկման թեմաներ են նախանշված Արևելյան գործընկերության մարտահրավերներն ու հեռանկարները, 2020 թվականին Եվրոպայի ռազմավարությունը, հանցավորության դեմ պայքարը, փողերի լվացումն, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն առնչվող հարցեր։
«Արևելյան գործընկերություն. Եվրոպական մայրցամաքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով նիստը տեղի կունենա բացման ելույթներից հետո։
Արևելյան գործընկերության պլատֆորմը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության լայնամասշտաբ ծրագիր է, որն այսօրվա դրությամբ ԵՄ արտաքին քաղաքականության կարևորագույն ծրագրերից է:
ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև «Ազատ Բելառուս» շարժման ղեկավար Ալեքսանդր Միլինկիևիչի մասնակցությունն այս հավաքին ողջունել է ԵԺԿ խմբի նախագահ Ջոզեֆ Դաուլը։
Նա նշել է, որ ԵԺԿ խումբը սատարում է Արևելյան գործընկերների հետ համագործակցությունը, որը հիմնված է ոչ միայն գործարար շփումների, այլ նաև ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության ամրապնդման, կրթության ևմշակույթի ոլորտների փոխգործակցության վրա։
Հավաքին մասնակցում են Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարները, եվրոպական երկրների և, մասնավորապես, Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ազդեցիկ դեմքեր։
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունենալու Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ։-0-