ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կպատժի Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում գողության կասկածանքով ձերբակալված Վահան Խալաֆյանի մահվան մեղավորներին, գրում է «168 ժամ» թերթը:
ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանի խոսքերով՝ Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները Սարգսյանին զեկուցել են, որ Չարենցավանի ոստիկանությունում ինքնասպանություն է տեղի ունեցել և ասել են, թե Խալաֆյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել:
«Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, ովքեր ինձ սխալ ինֆորմացիա են տվել՝ ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր որ հանցանք են կատարել՝ ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով», - հայտարարել է Սարգսյանն՝ ավելացնելով, որ իր կողմից նշանակված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել, և ինքը պատժելու է բոլոր նրանց, ովքեր այս գործին որևէ առնչություն են ունեցել:
Միաժամանակ ոստիկանապետը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել և խոստացել է պատժել մեղավորներին:-0-