ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ռուս համանախագահին

28.04.2010, 16:50
ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ռուս համանախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման գծով ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին, հաղորդում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«ՀՀ նախագահը  շնորհավորել է Պոպովին՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ընթացիկ իրավիճակը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-