ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Հայաստանի և Թուրքիայի հետ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը մինչև վերջ հասցնելու համար. Պետդեպարտամենտ

19.04.2010, 10:44
ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Հայաստանի և Թուրքիայի հետ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը մինչև վերջ հասցնելու համար. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Հայաստանի և Թուրքիայի հետ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը մինչև վերջ հասցնելու համար. Պետդեպարտամենտ

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է կառուցողական աշխատանքը Հայաստանի և Թուրքիայի հետ՝ փորձելով մինչև վերջ հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի հասարակական կապերի գծով տեղակալ Ֆիլիպ Քրոուլին:

Նրա խոսքերով՝ նախորդ շաբաթ ամերիկյան կողմը բովանդակալից բանավեճեր է անցկացրել ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմի հետ: «Մենք շարունակում ենք որոնել երկու կողմերի հետ աշխատանքի ճիշտ բանաձևը», - ասել է Քրոուլին:

Նրա խոսքերով՝ գործընթացը կանգ է առել նախորդ տարվա աշնանից, երբ կողմերը ստորագրեցին հարաբերությունների կարգավորման արձանագրությունները: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան և Հայաստանը վավերացնեն այդ արձանագրությունները, ցանկանում ենք, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն և սահմանները բացվեն», - ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ այդ ամենը զգալի առավելություններ կտա երկու կողմերին էլ: Քրոուլին նաև ընդգծել է, որ ամերիկյան կողմը շարունակում է աշխատել երկու կողմերի հետ՝ փնտրելով անհրաժեշտ բանաձև, անհրաժեշտ ժամանակ՝ արձանագրությունների վավերացմանը հասնելու և այդ վավերացման արդյունքում շահերը տեսնելու համար:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ երկու կողմերն էլ իրենց վրա որոշակի պարտավորություններ են վերցրել՝ միաժամանակ հիշեցնելով սեփական խորհրդարանների հետ աշխատանքի դժվարին գործընթացների մասին:

«Մենք փորձ ունենք, երբ գործադիր իշխանությունն իր վրա պարտավորություններ է վերցնում, իսկ հետո ստիպված ենք լինում աշխատել Կոնգրեսի հետ իրագործման կամ վավերացման հարցում», - ասել է            Քրոուլին:

«Մենք գիտենք, որ դա բարդ գործընթաց է: Գիտենք, որ այն զգացմունքներ և ռիսկ է ենթադրում երկու կողմերից էլ, և մենք շարունակելու ենք կառուցողական կերպով աշխատել Հայաստանի և Թուրքիայի հետ՝ փորձելով մինչև վերջ հասցնել գործընթացը», - ավելացրել է նա:

Քրոուլին նաև նշել է, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-