ԱՄՆ –ի համար առավել կարևոր է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, քան դրա արդյունքը. փորձագետ

15.04.2010, 16:35
ԱՄՆ –ի համար առավել կարևոր է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, քան դրա արդյունքը. փորձագետ

ԱՄՆ –ի համար առավել կարևոր է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, քան դրա արդյունքը, մասնավորապես, սահմանի բացումը կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, հինգշաբթի հայտնեց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Ըստ նրա՝ գործընթացի շարունակումը և, մասնավորապես, Վաշինգտոնում ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը թույլ կտան ԱՄՆ-ին Ռուսաստանից խլել այդ գործընթացի նախաձեռնությունը, որը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից:

Նաև նրա խոսքերով՝ գործընթացի շարունակումը երաշխավորում է տարածաշրջանային զարգացումներում ԱՄՆ-ի ներգրավվածությունը, ինչը հակասում է Ռուսաստանի շահերին:

«Միացյալ Նահանգները գործընթացը կօգտագործեն, որպեսզի ինչ-որ կերպ ազդեն ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերի վրա»,- ասաց փորձագետը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-