Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կօգնի Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու հարցում, ասաց Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանակարներն օգտակար կլինեն Եմ-ին Թուրքիայի անդամակցությանը, քանի որ բարիդրացիական հարաբերությունները կարևոր հանգամանք են երկրի համար Եվրամիությանն անդամակցելու հարցում»,- երեքշաբթի Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ֆյուլեն:
Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան է ժամանել ապրիլի 6-ին: Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
ԵՄ հանձնակատարը նաև նշեց, որ Եվրամիությունը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու աջակցել է այդ գործընթացին: Ֆյուլեն ավելացրեց, որ ԵՄ-ն աջակցում է խելամիտ ժամկետներում առանց նախապայմանների արձանագրությունների վավերացումն ու պատրաստ է օգնել անդրսահմանային խնդիրների լուծմանը փաստաթղթերի ուժի մեջ մտնելուց հետո:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-