Հայաստանում գիրացման խնդիրը սոցիալ-հոգեբանական գործոններով է պայմանավորված. հոգեբան

01.04.2010, 15:04
Հայաստանում գիրացման խնդիրը սոցիալ-հոգեբանական գործոններով է պայմանավորված. հոգեբան

Հայաստանում ավելորդ քաշի խնդիրն այսօրվա դրությամբ պայմանավորված է սոցիալ-հոգեբանական գործոններով, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կլինիկական հոգեբանության մասնագետ Միքայել Մադաթյանը:

«Իհարկե, կա մարդկանց որոշակի խումբ, ովքեր էնդոկրին խնդիրներ ունեն, սակայն մասնագետներին դիմող մարդկանց մեծամասնությունը պարզապես չափից շատ են ուտում, և նրանց մոտ գիրացման խնդիր է առաջանում: Մեր հասարակությունը սխալ կենսակերպ է վարում: Մենք չափազանց շատ ենք մեզ վրա կենտրոնացած», - ասաց Մադաթյանը:

Հոգեբանի խոսքերով, Հայաստանում մարդկանց շատ քիչ տոկոսն է սպորտով զբաղվում և ակտիվ գործունեության փոխարեն պասիվ հանգիստ նախընտրում: Քաղաքացիների մեծ մասի համար բնության հետ շփումը սահմանափակվում է հասարակ զբոսախնջույքով:

Միաժամանակ ինչպես նշեց Մադաթյանը, ավելորդ քաշի խնդիրը նաև հոգեբանական կողմ ունի: Օրինակ՝ մարդը գոհ չէ իր արտաքինից, հակամարտության մեջ է մտնում սեփական անձի և շրջապատի հետ, և որպես պասիվ բողոք՝ սկսում է չափից ավելի շատ սնունդ ընդունել, ինչը հանգեցնում է գիրացման:

Միաժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, ավելորդ կիլոգրամների առկայությունը կարող է մատնանշել մարդու սոցիալական կարգավիճակը: Այսպես, զարգացող երկրների մեծ մասում գիրացումը սոցիալական բարձր կարգավիճակի նշան է՝ «Ես չաղ եմ, ուրեմն լավ եմ ապրում»: Սակայն մյուս կողմից՝ գոյություն ունի սոցիալապես անապահով մարդկանց խումբ, որը չափից ավել է օգտագործում էժանագին մթերք (մակարոնեղեն, կարտոֆիլ, հաց), ինչը գիրացման է հանգեցնում:

Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգ, պրոֆեսոր Էլզա Հայրապետյանն իր հերթին նշեց, որ գիրացման խնդիրը կապված չէ օգտագործվող սնունդի քանակի հետ, այլ թե օրական քանի անգամ և ինչ սնունդ է օգտագործվում:

«Սնունդն առաջին հերթին պետք է առողջարար և հավասարակշռված լինի: Չպետք է մոռանալ նաև կաթնամթերքի օգտագործման մասին, որը պարունակում է մարդու օրգանիզմի համար չափազանց կարևոր տարր՝ կալցիում, պետք է սահմանափակել կանցերոգենների մեծ քանակություն պարունակող սնունդի ընդունումը», - ասաց Հայրապետյանը:-0-