Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը կախված է «ԱՄՆ-Ռուսաստան-Իրան» եռանկյունուց. փորձագետ

25.03.2010, 15:44
Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը կախված է «ԱՄՆ-Ռուսաստան-Իրան» եռանկյունուց. փորձագետ

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը կախված է «ԱՄՆ-Ռուսաստան-Իրան» եռանկյունուց, կարծում է փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում գործում է «ԱՄՆ-Ռուսաստան-Իրան» եռանկյունին, որը և կորոշի տարածաշրջանային հետագա զարգացումների ելքը, որոնցում հայ-թուրքական հարցը քաղաքական նոր գործընթացների ազդակ է»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Շաքարյանցը։

Ըստ նրա՝ ներկայումս քաղաքական բարդ խաղ է ընթանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի միջև տարածաշրջանում իրենց դիրքորոշումների ամրապնդման ուղղությամբ, որտեղ Եվրոպական Միության համար տեղ չկա։ Միաժամանակ, փորձագետի խոսքերով, այդ քաղաքական շրջանակներում է հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման բանալին։ 

Շաքարյանցը կարծում է, որ «եռանկյունու» երկրներից յուրաքանչյուրն ունի իր, այսօրվա հետ չհամընկնող ազգային շահերը։

«Իրանը, որն ի տարբերություն Թուրքիայի, որևէ մեկից կախում չունեցող երկիր է, հայտարարում է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման մասին՝ միաժամանակ հասկացնելով, որ ինչպես ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների լուծումն անհնար է առանց իր մասնակցության»,- ընդգծեց քաղաքագետը։

Միաժամանակ փորձագետը նշեց, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ որպես առանցքային երկրներ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործում, ներկայումս փոխզիջման չեն եկել տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության հարցերի շուրջ, ինչն իր հերթին ազդում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վրա։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-