ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ, երկուշաբթի Երևանում ճեպազրույցի ընթացքում ասաց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վալերի Իվանովը:
«Մենք շատ շահագրգռված ենք մեր գործուենության այս ուղղության զարգացմամբ: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր բաներ կարող ենք փոխառել բելառուսական շրջաններից և հայկական մարզերից»,- ասաց Իվանովը:
Նա նշեց, որ տվյալ պահին տարածաշրջանային համագործակցությունը երկրների միջև զարգանում է միայն Մինսկի ու Միսկի մարզի և Հայաստանի որոշ շրջանների միջև՝ ընդգծելով, որ հետագայում Բելառուսը ծրագրում է ընդլայնել միջտարածաշրջանային համագործակցությունը:
Իր հերթին հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը նշեց, որ տարածաշրջանային կապերի ամրապնդման հարցը ծրագրվում է քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում, որը անցկացվում է տարին երկու անգամ:
«Հայաստանում այսօր կան քաղաքներ, որոնք Բելառուսի հետ կապ ունեն, մասնավորապես, կապանն ու մի շարք այլ շրջաններ, որոնց միջև կապն անհրաժեշտ է ամրապնդել ու զարգացնել»,- ասաց Կարապետյանը:
Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացվում է Հայաստանում մարտի 22-ից 25-ը։ Նիստի օրակարգում է երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային հարաբերությունների վիճակը, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ հերթական նիստի աշխատանքային ծրագիրն էին։ -0-