ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Ռիմինի քաղաքում աշխարհահռչակ գրող և կինոսցենարիստ Տոնինո Գուեռային է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, մշակույթի նախարարը գտնվում էր Իտալիայում՝ Հայ Մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նիստը տեղի է ունեցել Վենետիկում մարտի 14-16-ը:
Բացի ՀՀ մշակույթի նախարարից հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Նիստի շրջանակներում մշակույթի նախարարն ու դեսպանը այցելել են Սբ. Ղազար կղզի, ուր Մխիթարյան Միաբանության հետ` աբբահայր Եղիա Քիլաղբյանի գլխավորությամբ, քննարկել են Իտալիայում 2012թ. հունվարին Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի կազմակերպման ու այդ ուղղությամբ հայկական հարուստ մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված հարցեր:
Վենետիկ այցելության ընթացքում Հասմիկ Պողոսյանն ու Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ են ունեցել «Լա Ֆենիչե» թատրոնի և «Կոռեռ» թանգարանի տնօրենների հետ, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամների հետ այցելել են Չինիի հիմնադրամի կենտրոն:-0-