Նախարարներ կդառնան Պետական կադաստրի նախկին նախագահն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալը

15.03.2010, 13:13
Նախարարներ կդառնան Պետական կադաստրի նախկին նախագահն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալը

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը ներկայացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնին Մանուկ Վարդանյանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին Արմեն Երիցյանի թեկնածությունները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:

Մանուկ Վարդանյանը 2009թ.-ի ապրիլից ՀՀ նախագահի խորհրդականն է: Գրեթե տասը տարվա ընթացքում նա զբաղեցրել է Անշարժ գույքի պետական կադաստրի պետի պաշտոնը:

Արմեն Երիցյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել մարտի 13-ին, քննարկվել են գործադիր իշխանությունում տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի և արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի աշխատանքի հարցերը:

«Քննարկումների արդյունքում կուսակցությունը որոշել է ետ կանչել այդ երկու նախարարների թեկնածությունները: Միաժամանակ Սարգսյանն ու Շահգելդյանը կպահպանեն իրենց պաշտոնները կուսակցության ղեկավար կազմում՝ իրենց վրա վերցնելով այլ գործառույթներ», - ասաց Աբրահամյանը:

Կուսակցության մամուլի քարտուղարը նաև նշեց, որ այս կապակցությամբ վաղը կուսակցության գրասենյակում «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը պարզաբանումներ կներկայացնի այդ և քաղաքական այլ հարցերի կապակցությամբ:

Օրինաց երկիր կուսակցությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ընդգրկված է երկրի կոալիցիայում, որը ձևավորվել էր 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո: Կուսակցությունն իր նախարարներին առաջադրելու և ետ կանչելու իրավունք ունի: Ներկա կառավարությունում «Օրինաց երկրին» է ամրագրված նախարարական երեք պորտֆել:

Ավելի վաղ իր նախարարներին ետ էր կանչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:-0-