ՀՀ նախագահը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում

11.03.2010, 10:59
ՀՀ նախագահը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում
ՀՀ նախագահը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական և ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը և միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը, կարևորել հայ և ֆրանսիացի խորհրդարանականների պարբերական փոխադարձ այցելություններն ու շփումները:

Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Սենատի պատրաստակամությունը` նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացմանը:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ:

ՀՀ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների ակտիվ գործունեությունը, ջերմությամբ ընդգծելով խմբի նախկին ու ներկա նախագահներ Ֆրանսուա Ռոշբլուանի և Ռենե Ռուքեի նշանակալի վաստակը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, մեր ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող ազգային խնդիրների շուրջ խմբի անդամների կողմից ցուցաբերվող սկզբունքային և անաչառ մոտեցման գործում:

Սերժ Սարգսյանն ու Բեռնար Ակուայեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձել տարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու հեռանկարներին:

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ավարտին Սերժ Սարգսյանը Փարիզում աշխատանքային ընթրիք է ունեցել ֆրանսահայ համայնքի մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչների հետ: 

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան Փարիզից կվերադառնա Երևան:-0-