ԱՄՆ-ն միայն մասամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. պատգամավոր

03.03.2010, 15:33
ԱՄՆ-ն միայն մասամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն միայն մասամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:

«Ավելի հավանական տարբերակը Հայոց ցեղասպանության փաստի մասնակի ճանաչումն է՝ Թուրքիայի վրա ճնշումն ուժեղացնելու համար, քանի որ Մեծ Բրիտանիան ևս գործընթաց է իրականացնում, որն ապացուցում է Թուրքիայի վրա ճնշման ուժեղացումը՝ ընդ որում ոչ միայն հայկական հարցում», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ Ցեղասպանության մասնակի ճանաչումը կարող է արտահայտվել ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունման գործընթացի ձգձգմամբ կամ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդեն ընդունված բանաձևի ստորագրման ձգձգմամբ:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին: Այս պահին բանաձևին աջակցում է 137 կոնգրեսական:

Ինչպես կարծում է պատգամավորը, Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման գործընթացը չպետք է միակողմանի գործընթաց համարել: Խաչատրյանը նշեց, որ այս հարցը պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ և բազմավեկտորային է:

Հայ խորհրդարանականը հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիայի կարգավիճակը զգալիորեն փոխվեց, և նա կորցրեց Խորհրդային Միության հետ սահման ունեցող ՆԱՏՕ-ի միակ երկրի դիրքերը՝ բացի այդ խնդիրներ ունենալով քուրդ բնակչության հետ:

«Այժմ Կոնգրեսի առջև կանգնած չէ Հայաստանի և հայ բնակչության շահերի հարցը: Իրականացվող գործընթացը միակողմանի չէ, այլ բազմավեկտորային է, որն անցկացվում է՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - ասաց նա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ն է:-0-