Հայաստանում ավելի համարձակ քայլեր են անհրաժեշտ երկրում օլիգոպոլիաների կրճատման ուղղությամբ. ՀԲ

26.02.2010, 14:54
Հայաստանում ավելի համարձակ քայլեր են անհրաժեշտ երկրում օլիգոպոլիաների կրճատման ուղղությամբ. ՀԲ
Հայաստանում ավելի համարձակ քայլեր են անհրաժեշտ երկրում օլիգոպոլիաների կրճատման ուղղությամբ. ՀԲ

Հայաստանի իշխանություններն ավելի համարձակ քայլեր պետք է ձեռնարկեն երկրում օլիգոպոլիաների կրճատման նպատակով, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը։

«Քանի դեռ տնտեսության որոշ ոլորտներ, մասնավորապես, ներկրման որոշ ճյուղեր պատկանում են հիմնական և առաջատար խաղացողների, ապա ավելի փոքր խաղացողները չեն կարողանա մուտք գործել այս դաշտ, շահույթ ստանալ և ուղղել այն այլ ճյուղեր»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց նա։

Կարևորելով այս հարցը՝ Վարուդակիսն ասաց, որ դրան անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ 

«Ես կարևորում եմ Հայաստանում հավասար և թափանցիկ դաշտի ձևավորումը։ Եթե դա չարվի, ապա երկրի ներդրումային միջավայրը կհայտնվի կործանարար ազդեցության տակ»,- ընդգծեց նա։

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ մաքսային համակարգում պետք է խաղի հավասար կանոններ սահմանվեն բոլորի համար՝ «առանց ձգձգումների և խոչընդոտների»։

«Անհրաժեշտ է այնպիսի մաքսային համակարգ ստեղծել, որ նրանք, ովքեր պատրաստվում են Հայաստան որևէ ապրանք ներմուծել, հնարավորություն ունենան ազատ իրականացնել իրենց ցանկությունը»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ Վարուդակիսը նշեց նաև թափանցիկ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը դոմինանտ գործարար-ներկրողների և պետական պաշտոնյաների միջև։

«Եթե թափանցիկություն և խաղի հավասար կանոններ լինեն բոլորի համար, ապա մենք կարծում ենք, որ հնարավոր կլինի լուրջ առաջընթաց արձանագրել»,- ասաց նա։ -0-