Թուրք հասարակության մեծ մասը դեմ է երկկողմ արձանագրությունների պայմաններով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. փորձագետ

23.02.2010, 15:03
Թուրք հասարակության մեծ մասը դեմ է երկկողմ արձանագրությունների պայմաններով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. փորձագետ

Թուրք հասարակության ու քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը դեմ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը այն պայմաններով, որոնք ամրագրված են երկկողմ արձանագրություններում, ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

«Նրանք շարունակում են ավանդական թուրքական քաղաքականությունը, որը հիմնված է այն բանի վրա, որ չպետք է որևէ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ մինչ Երևանը չգնա միակողմանի զիջումների ղարաբաղյան հարցում, չհրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից և պաշտոնապես չհայտարարի, որ ընդունում է 1921թ.-ի Կարսի պայմանագիրը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետը նաև նշեց, որ այդ իրավիճակը կպահպանվի մոտակա տարիների ընթացքում՝ հույս հայտնելով, որ այն մի օր կփոխվի:

Միաժամանակ Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայիում վերջին տարիների ընթացքում և հատկապես նախորդ տարի ձևավորվել է մտավորականության ներկայացուցիչների խումբ, որը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն:

«Ընդհանուր առմամբ կողմ լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ այդ մարդիկ, սակայն, չեն կարծում, որ Թուրքիան պետք է դադարի վարել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, նրանք հայտարարում են Ադրբեջանի շահերի պաշտպանությունը շարունակելու անհրաժեշտության մասին», - ասաց նա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից-0-

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։