ՀՀ խորհրդարանը վավերացրել է ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ-ի մասին համաձայնագիրը

23.02.2010, 14:11
ՀՀ խորհրդարանը վավերացրել է ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ-ի մասին համաձայնագիրը
ՀՀ խորհրդարանը վավերացրել է ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ-ի մասին համաձայնագիրը

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը:

Փաստաթուղթը ներկայացնող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրել է պատգամավորներին ԱԱՀՈՒ-ի նպատակների և խնդիրների, ղեկավարող մարմինների ձևավորման կարգի, որոշումների ընդունման և սպառնալիքի աստիճանի սահմանման մասին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին ասաց, որ ԱԱՀՈՒ-ի գործարկման մասին որոշումը ընդունվում է փոխհամաձայնության հիման վրա:

«Կարծում եմ՝ մենք դեռ շատ բան ունենք անելու, որպեսզի փոխհամաձայնեցումը չդառնա այդ մեխանիզմի աշխատանքին խանգարող միջոց», - ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ ԱԱՀՈւ-ն անվտանգության լրացուցիչ լծակ է: Միաժամանակ պատգամավորը նշեց, որ Հայաստանը ցանկացած ագրեսիայի դեպքում պետք է առաջին հերթին հույսն իր վրա դնի:

Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թ.-ի հունիսի 14-ին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների գագաթնաժողովի ժամանակ:

ԱԱՀՈՒ ձևավորման մասին որոշումը ընդունվել է 2009 թ.-ի փետրվարի 4-ին տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ:

ԱԱՀՈՒ-ի ստեղծման հիմնական նպատակների թվում են գոյություն ունեցող և պոտենցիալ սպառնալիքների, այդ թվում նաև ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի շրջանառման ֆոնի ներքո ՀԱՊԿ երկրների անվտանգության ամրապնդումը, բնական և տեխնածին աղետների կանխարգելումն ու չեզոքացումը, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՀԱՊԿ-ի արդյունավետ մասնակցության ապահովումը:

ԱԱՀՈՒ-ն կազմված կլինի ռազմական և հատուկ նշանակության զորակազմավորումներից, որի մեջ կներառվեն իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու դրանց հետևանքների չեզոքացմանն ուղղված ծառայությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները:

ԱԱՀՈՒ-ի նախապատրաստման և գործողությունների անցկացման ժամանակ Հավաքական ուժերի կառավարման համար ծրագրվում է ստեղծել հրամանատարություն՝ հրամանատարի գլխավորությամբ: ԱԱՀՈՒ-ի կիրառման մասին որոշում ընդունելուց առաջ ամենօրյա գործունեության ժամանակ այդ ուժերի տեղակայման ծրագրման և համատեղ նախապատրաստման համակարգման խնդիրներն իրականացնելու է ՀԱՊԿ-ի Միավորված շտաբը:

Հայ խորհրդարանականները վավերացրել են նաև ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի գաղտնի կառավարման ուժերի և միջոցների համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2009 թ.-ի հունիսի 14-ին:

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի գաղտնի կառավարման ուժերի և միջոցների համակարգը միմյանց միջև գործնական փոխկապակցված կառավարման մարմինների, տեղեկատվության պաշտպանության մարմինների ամբողջություն է, ավտոմատացման և ուժերի ու միջոցների կառավարման այլ միջոցների համալիր, որոնք կազմում են զորքերի (ուժերի) կոալիցիոն (տարածաշրջանային) խմբավորումների գաղտնի կառավարման կազմակերպչական-տեխնիկական հիմքը:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-