Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտորը պարգևատրվել է Ռուսաստանի կրթության և գիտության պատվոգրով

19.02.2010, 15:46
Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտորը պարգևատրվել է Ռուսաստանի կրթության և գիտության պատվոգրով
Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտորը պարգևատրվել է Ռուսաստանի կրթության և գիտության պատվոգրով

Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիայի մասնաճյուղի՝ Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը  պարգևատրվել է Ռուսաստանի կրթության և գիտության պատվոգրով։

Ինչպես ուրբաթ պարգևատրման արարողության ժամանակ հայտնեց Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պատվոգիրը Մինասյանին է շնորհվել բարձր որակավորման մասնագետների պատրաստման, ուսումնական և դաստիարակչական գործընթացների կազմակերպման գործում, գիտամանկավարժական և գիտահետազոտական աշխատանքում ունեցած զգալի հաջողությունների և բազմամյա աշխատանքի համար։

«Ձեր ուսումնական հաստատությանը հաջողություն, արդյունավետ գործունեություն եմ մաղթում պիտանի և ժամանակակից մասնագետների պատրաստման գործում»,- ասաց նա։

Միաժամանակ Կովալենկոն ավելացրեց, որ զբոսաշրջությունը շատ պիտանի, հեռանկարային և հետաքրքիր ոլորտ է, ինչպես նաև հաջողություն մաղթեց ինստիտուտի ողջ անձնակազմին և ուսանողներին։

Իր հերթին Մինասյանը նշեց, որ ինստիտուտը պետք է համապատասխանի այն պահանջներին, որոնք ներկայացվում են Հայաստանի և Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունների կողմից կրթական հաստատություններին։

Ըստ նրա, Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ուսանողները պահանջված են, և շրջանավարտների 60-70 տոկոսն աշխատում է զբոսաշրջության ոլորտում։

«Մեր ինստիտուտում սովորում է շուրջ 170 ուսանող ինչպես Հայաստանից և Ղարաբաղից, այնպես էլ Վրաստանից, Իրանից և Ռուսաստանից, ովքեր ուսման հնգամյա դասընթացից հետո դիպլոմավորված մասնագետներ են դառնում»,- հստակեցրեց նա։

Մինասյանն ասաց նաև, որ բուհում դասավանդում են տուրօպերատորներ և պոտենցիալ գործատուներ, ովքեր նաև ուսանողական պրակտիկա են կազմակերպում, իսկ հետագայում աշխատանքով ապահովում շրջանավարտներին։

Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիայի (ՌԶՄԱ) գիտության գծով պրոռեկտոր Յուրի Լագուսևը Մինասյանին հանձնեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՌԶՄԱ՝ մշակութային զբոսաշրջության ամբիոնի միջազգային պարգևը՝ «Զբոսաշրջություն խաղաղության և զարգացման համար» պատվոնշանը։

Զբոսաշրջության հայկական ինստիտուտի այցի ընթացքում դեսպան Կովալենկոն ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ցուցատախտակներին, շրջեց գրադարանով, ուսումնատեղեկատվական կենտրոնով, զբոսաշրջություն խաղաղության և զարգացման նպատակով ստեղծված  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՌԶՄԱ մշակութային զբոսաշրջության ամբիոնով, ինչպպես նաև եղավ համակարգչային լասարանում և ուսումնական ռեստորանում։

Հայաստանում ՌԴ դեսպանը Զբոսաշրջության հայկական ինստիտուտին որպես նվիրատվություն հանձնեց նաև համակարգիչ, որն, ըստ նրա, «կնպաստի ուսումնական գործընթացին և կօգնի գիտելիքներ ձեռք բերել»։

«Ես ցանկանում եմ, որ այս օրը դառնա մեր փոխգործակցության և համագործակցության երկար ճանապարհի սկիզբը, և մենք անպայման կձգտենք դրան»,- հավելեց Կովալենկոն։ -0-