Երևանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված տարածքներից. ԵԿՄ ղեկավար

16.02.2010, 13:57
Երևանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված տարածքներից. ԵԿՄ ղեկավար
Երևանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված տարածքներից. ԵԿՄ ղեկավար

Երևանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված տարածքներից, «Երկրապահ» կամավորականների միության 8-րդ համագումարի բացմանը հայտարարեց Միության վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

«Բոլորը պետք է իմանան, որ հայերը զիջելու ոչինչ չունեն։ Բոլորը պետք է հասկանան, որ մայրաքաղաք Երևանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված տարածքներից, Արցախից (Լեռնային Ղարւաբաղի հայերեն անվանումը), Հայաստանի մերձսահմանային շրջաններից»,- ասաց Գրիգորյանը։

«Ես բազմիցս ասել եմ, և ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք դեռ ազատագրելու շատ բան ունենք»,- ասաց Գրիգորյանը։

«Մեր զոհված ընկերները մեզ պատգամ են թողել պահպանել անկախ, ազատ և միասնական Հայաստան, և այն դեպքում, եթե մեր ձեռքբերումները, Արցախի ազատությունը վտանգի ենթարկվեն, ապա «Երկրապահը» կրկին պայքարի առաջին շարքերում կլինի»,- ասաց միության ղեկավարը։

«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ.-ին: Այս պահի դրությամբ Միության կազմում ներառված են ավելի քան 10 հազար մարդ, որոնց մեծամասնությունը ղարաբաղյան պատերազմի վետերաններ են:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-