Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավարի հետ

12.02.2010, 18:36
Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավարի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է ծովակալ Գիյարին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերը և Փարիզում ստորագրված համաձայնագրի դրույթները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հավանական զարգացումներին արձագանքելու հնարավորություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի մոտ կազմակերպված պսակադրման և բոցավառման արարողությանը, այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացված են նկարիչ և քանդակագործ Արտո Չախմախչյանի աշխատանքները:-0-