Հայաստանի նախագահը հանդիպել է Արքայազն Չարլզին

11.02.2010, 13:44
Հայաստանի նախագահը հանդիպել է Արքայազն Չարլզին

Հայաստանի նախագահի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացել է նախագահի և Ուելսի արքայազն Չարլզի հանդիպումը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երևան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը։

Շնորհանդեսից հետո կայացել է  համերգ՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և մեցցոսոպրանո Դարիգա  Նազարբաևայի մասնակցությամբ:

««Երևան`իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր գաղթօջախներից այդ առիթով Լոնդոն ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներ: -0-