Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն 2010 թվականին. հայ պատգամավոր

10.02.2010, 11:07
Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն 2010 թվականին. հայ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն 2010 թվականի ընթացքում, կարծում է  ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Կարծում եմ, որ արձանագրությունները կվավերացվեն 2010 թվականին, բայց, իմ կարծիքով, դա տեղի չի ունենա մինչև ապրիլի 24-ը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա՝ արձանագրությունների վավերացումն ավելի բարդ կլինի Թուրքիայում, որտեղ հասարակության մեծամասնությունը և իշխանությունները հանդես են գալիս փաստաթղթերի վավերացման դեմ, իսկ Հայաստանում գործընթացն էական բարդություններ չի առաջացնի։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-