Թուրքիան Հայաստանի հակառակորդը կդառնա հարաբերությունների նորմալացման գործընթացի ձախողման դեպքում. փորձագետ

09.02.2010, 16:28
Թուրքիան Հայաստանի հակառակորդը կդառնա հարաբերությունների նորմալացման գործընթացի ձախողման դեպքում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման դեպքում Հայաստանը տարածաշրջանում նոր ակտիվ ու հզոր հակառակորդ ձեռք կբերի, ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Չնայած Թուրքիան իր գործողություններում երբեք Հայաստանի հանդեպ ընկերասիրություն չի դրսևորել, սակայն, զերծ է մնացել շատ կտրուկ քայլերից։ Եթե այս գործընթացը տապալվի, կարծում եմ, որ Թուրքիան կակտիվացնի հակահայկական  գործողությունները տարածաշրջանում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։ 

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև այն ժամանակ, երբ երկու երկրի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Մելիքյանի խոսքերով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական մերձեցման մեջ Հայաստանի դիրքերը թուլանում են, քանի որ երբ այն սկսվում էր, Հայաստանը որևէ պատկերացում չուներ դրա շարունակման մասին։

«Սա օդում կրակ արձակելու նման մի քայլ էր։ Այս գործընթացը պատրաստված չէր և նախապես ուղղված չէր նրան, որ մենք Թուրքիայի հետ իսկապես նորմալ հարաբերությունների հեռանկար ստեղծեինք»,- ասաց նա։

Այս առնչությամբ ԼՂՀ նախկին արտգործնախարարը հիշեցրեց, որ դեռևս 100 տարի առաջ Կոստանդնուպոլսից մինչև Բաքու մեծ թվով հայեր են ապրել, իսկ այսօր սա միայն Ջավախքից մինչև Մեղրի ձգվող մի փոքր տարածք է։ 

«Այս իրավիճակը ստեղծվել է այս դարի ընթացքում մեզնում քաղաքական մտածելակերպի բացակայության հետևանքով։ Իսկ այժմ ժամանակն է սթափ դիրքորոշում գրավելու»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ այս իրավիճակից դուրս գալու համար հարկ է գնահատել ընթացիկ պահը, դաշնակիցների ու հակառակորդների հետ հարաբերությունները, և, դրանից ելնելով, համատեղ ջանքերով առաջ շարժվել։     

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-