Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի լուրջ հայեցակարգ պետք է մշակի. փորձագետ

08.02.2010, 14:00
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի լուրջ հայեցակարգ պետք է մշակի. փորձագետ
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի լուրջ հայեցակարգ պետք է մշակի. փորձագետ

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» արդեն պատմություն է, և Հայաստանին անհրաժեշտ է Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի լուրջ հայեցակարգ մշակել, կարծում է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ֆուտբոլային դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերություններում նախաձեռնությունն իր վրա վերցնելու Հայաստանի առաջին փորձն էր: Հայաստանը պետք է ամրապնդի և շարունակի այդ քաղաքական ուղղվածությունը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով, Հայաստանում չափազանցնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության լրջությունը:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իր մեջ արկածախնդրության տարրեր է պարունակում: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան վերջին տարիներին զգալի տնտեսական և ռազմական ներուժ է կուտակել, և իր համար տարածաշրջանում ուժային կենտրոնի դերն է փորձում», - նշեց փորձագետը:

Սակայն Սաֆրաստյանի խոսքերով, Թուրքիայի պանօսմանիզմի գաղափարները դժվար թե հաջողվի կյանքի կոչել, քանի որ դա թույլ չեն տա ոչ Թուրքիայի հարևանները, ոչ գերտերությունները:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-