Ռուսաստանի Դաշնությունում նորանշանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը իր առաջին այցն է կատարել Հայ-Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի նստավայր, որտեղ առանձնազրույց է ունեցել թեմի առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հետ, ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը:
Զրույցի սկզբում Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ուժ և կարողություն առաքելությունը կատարելու գործում՝ ի շահ երկրի բարօրության և հայ ժողովրդի։
Սրբազան հայրը պատմել է թեմի կողմից կատարված աշխատանքների և հետագա նախաձեռնությունների մասին և խոստացել շարունակել իր աջակցությունը դեսպանության գործունեությանը։
Դեսպան Եսայանը իր կողմից շնորհակալություն է հայտնել թեմի առաջնորդին և նշել, որ առաջին այցելությունը դեսպանի պաշտոնում կատարում է թեմի առաջնորդարան՝ քանի որ գտնում է, որ հայկական եկեղեցին իր պատմության ընթացքում կրել է ազգապահպանության առաքելություն և ներկայումս Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ կառուցում է մեր ժողովրդի ապագայի ճանապարհը։
Զրույցի ընթացքում նաև քննարկվել են առաջիկա խնդիրները, որոնց լուծումները հնարավոր են դեսպանության և թեմի համատեղ ջանքերով։
Հանդիպման վերջում դեսպան Եսայանը առաջարկել է թեմի առաջնորդին ներկա գտնվել դեսպանությունում նախատեսվող բոլոր միջոցառումներին։-0-