ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը

03.02.2010, 17:59
ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությունը, աֆղան ժողովրդի կարողությունների զարգացումը, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորումը, պետական կառավարման ինստիտուտների բարելավման և Աֆղանստանի հարևանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ և կայցելի Կ.Պոլսի հայոց պատրիարքարան:

Հայկական ռազմական հավաքակազմը հետևակային դասակի, բժիշկ-սպայի և երեք շտանային սպաների կազմով կգտնվի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության  կազմում և կապահովի աֆղանական Կունդուզ քաղաքի օդանավակայանի պաշտպանությունը:
 
Հայ խաղաղապահները Աֆղանստանում կգործեն գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում: Խաղաղապահների հերթափոխը կիրականացվի կես տարին մեկ անգամ: -0-