ԵԽԽՎ համազեկուցողները պնդում են Հայաստանում բարեփոխումների անհապաղ իրագործումը

03.02.2010, 14:08
ԵԽԽՎ համազեկուցողները պնդում են Հայաստանում բարեփոխումների անհապաղ իրագործումը
ԵԽԽՎ համազեկուցողները պնդում են Հայաստանում բարեփոխումների անհապաղ իրագործումը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (John Prescott) և Ժորժ Կոլոմբյեն (Georges Colombier) նշում են Հայաստանում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, ասվում է Երևանում ԵԽ լրատվական գրասենյակի տեղեկատվության մեջ:

«Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա ուշացման իրականացնեն 2008թ. մարտի 1-ի և 2-ի վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները», -  ասվում է տեղեկատվության մեջ՝ հղում անելով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը, որն արվել է անցյալ շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում կայացած կարծիքների փոխանակման ընթացքում:

«Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները ԵԽԽՎ  համապատասխան բանաձևերի հետ համատեղ բարեխղճորեն իրականացվելու դեպքում կարող են համապարփակ լուծումներ տալ այն հանգամանքներին, որոնք հանգեցրին 2008թ. մարտի 1-2-ի դեպքերին», - հայտարարել են համազեկուցողները:

Նրանք ընդգծել են, որ այս հանձնարարականները պետք է իրականացվեն առանց հետագա հապաղման, հատկապես այն առաջարկությունները, որոնք վերաբերում են ոստիկանության բարեփոխմանը՝ ներառյալ անկախ վերահսկող և բողոքներ ուսումնասիրող մարմնի ստեղծումը և վաղուց հասունացած ընտրական համակարգի բարեփոխումը:

Համազեկուցողները հայտարարել են, որ նամակով կդիմեն Հայաստանի խորհրդարանին` խնդրելով Մոնիտորինգի հանձնաժողովին մինչև 2010թ. մարտի 17-ին Փարիզում կայանալիք հանդիպումը տրամադրել այս բարեփոխումների հստակ ժամանակացույց:

«Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումների հիման վրա մենք այնուհետև այս գարնանը կայցելենք Երևան բարոփոխումների իրականացման հստակ ճանապարհային քարտեզի ստեղծումը քննարկելու նպատակով», - ասվում է փաստաթղթում:

Ի լրումն ճանապարհային քարտեզի ստեղծման խնդրի՝ համազեկուցողները մտադիր են բարձրացնել Նիկոլ Փաշինյանի դատապարտման հարցը, ինչպես նաև անդրադառնալ այլ դեպքերի, որոնց առնչությամբ նրանք ձգտում են ստանալ իշխանությունների պարզաբանումները:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչեց  225-րդ հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ) և դատապարտեց նրան 7 տարի ազատազրկման՝ Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելով։ 

«Մարտի 1-ի և 2-ի դեպքերին հաջորդած մի շարք խնդիրներ դեռևս պետք է պարզաբանվեն և լուծում ստանան», - կարծում են համազեկուցողները՝ ընդգծելով Վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի այլ համապատասխան մարմինների կողմից քաղաքական զարգացումների մոնիտորինգի շարունակական կարևորությունն ու անհրաժեշտությունը: -0-