ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ են կատարել «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Կենդանական աշխարհի մասին» օրենքներում, որոնցով ընդհանրապես արգելվում է Կարմիր գրքում ներառված կենդանիների և թռչունների որսը:
Ավելի վաղ այդ կենդանիների որսը թույլատրվում էր հատուկ անվանական թույլտվությունների առկայության դեպքում:
Ինչպես նշեց օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, առաջարկվող փոփոխություններն առավելի կարևոր և հիմնարար են:
«Օրենքի գործող խմբագրության համաձայն՝ Հայաստանի Կարմիր գրքում ներառված վայրի կենդանիների և թռչունների որսը թույլատրվում է միայն հատուկ անվանական թույլտվության առկայության դեպքում: Փոփոխություններով առաջարկվում է չեղյալ համարել այդ դրույթը և արգելել Կարմիր գրքում ներառված կենդանիների և թռչունների որսը», - ասաց Դալլաքյանը:
Ինչպես կարծում է պատգամավորը, անհետացման եզրին գտնվող կենդանիների և թռչունների հազվագյուտ տեսակների որսը պարզապես անթույլատրելի է և պետք է արգելվի:
Դալլաքյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների համաձայն՝ բացառիկ դեպքերում թույլատրվում է կենդանիների և թռչունների հազվագյուտ տեսակների որսը (առանց նրանց սպանելու) գիտահետազոտական, բժշկական նպատակներով, ինչպես նաև՝ արհեստական և բնական պայմաններում վերարտադրության ապահովման նպատակով:
Ինչպես տեղեկացրեց օրինագծի հեղինակը, նման «անարյուն որսը» կթույլատրվի միայն պետական լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվության դեպքում:-0-