Հայաստանը պարտավոր է հզոր ռազմաարդյունաբերական համալիր ունենալ. շարժման առաջնորդ
Հայաստանը պարտավոր է հզոր ռազմաարդյունաբերական համալիր ունենալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Աբրահամյանը:
Նա հիշեցրեց, որ խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում մշակվում և արտադրվում էր էլեկտրոնային արտադրանքի ողջ ծավալի 30-40 տոկոսը, որն օգտագործվում էր ռազմական և տիեզերական նպատակներով։
Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանում ՌԱՀ զարգացումն ու ներդրումները կլուծեն մի շարք հարցեր, այդ թվում՝ հանրապետությունում կբացվեն հազարավոր աշխատատեղեր, կկառուցվեն և կվերականգնվեն գործարաններ, իսկ մասնագետները կստանան հայրենական պատվերներ։
«Հայաստանն, արտադրելով ժամանակակից և համեմատաբար էժան ռազմական արտադրանք, կարող է դառնալ դրա արտահանողը, ինչը բավարար եկամուտ կբերի երկրին։ Եվ ինչն ամենակարևորն է, ստեղծելով հզոր ՌԱՀ, Հայաստանը կկարողանա կոմպլեկտավորել և արդիականացնել իր զինված ուժերը»,- ասաց ՆՊՇ առաջնորդը։
Նրա կարծիքով, տվյալ նախագծերն իրականացնելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների։ -0-