Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շարունակման հնարավորությունը չի սպառվել. քաղաքագետ

01.02.2010, 14:59
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շարունակման հնարավորությունը չի սպառվել. քաղաքագետ

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման լուրջ քաղաքական շարունակման հնարավորությունը հավասար չէ զրոյի, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Սակայն, նրա խոսքերով, ներկայումս այդ գործընթացն ավելի մեծ ռիսկի ներքո է, քան դեկտեմբերին։  

«Ճգնաժամային որոշակի տարր է առկա այս գործընթացում, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ գործընթացը դադարել է, և ամեն ինչ ավարտված է։ Դեռևս որոշակի առաջխաղացումների կարելի է սպասել»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հնարավոր և խելամիտ ժամկետների մասին՝ քաղաքագետն ասաց, որ թուրք ուսումնասիրողները, քաղաքագետները և երբեմն քաղաքական գործիչները որպես Թուրքիայի կողմնորոշման «կարմիր գիծ» նշել են ապրիլի 24-ը։

«Այս տրամաբանությունը հասկանալի է, «կարմիր գիծն» այն է, թե ինչ կլինի Միացյալ Նահանգներում ապրիլի 24-ին, և ինչ կասի կամ չի ասի ԱՄՆ նախագահը։ Բայց ինձ, անկեղծ ասած, երբեք չի թվացել, որ դա իսկական «կարմիր գիծ է», քանի որ ես մեծ ակնկալիքներ չունեմ այն բառերի առումով, որ կասի Օբաման ապրիլի 24-ին»,- ասաց Իսկանդարյանը։

Ամեն տարի հայկական հասարակությունում ակտիվ քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք ԱՄՆ գործող նախագահը «ցեղասպանություն» կկոչի Թուրքիայում 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի պարբերական և մտադրված ոչնչացումը։

Ասելով, որ չի կարող կոնկրետ ժամկետ նշել, Իսկանդարյանը նկատեց, որ վավերացման խելամիտ ժամկետները այն է, ինչ չափվում է ամիսներով, «իսկ 10 տարին կամ երկու տարին խելամիտ ժամկետ չէ»։

«Խոսքն այն մասին է, որ դա լուծվի խելամիտ քաղաքական հեռանկարում։ Թե ինչպիսին կլինի ԱՄՆ, Եվրոպայի, Ռուսաստանի քաղաքականությունը, ինչ կլինի այս գործընթացի արտաքին շրջանակներում տասը, հինգ կամ երկու տարի հետո, դժվար է ասել, եթե նույնիսկ անհնար չէ։ Իսկ առայժմ քաղաքական իրավիճակն ու արտաքին ուժերի տեղաբաշխվածությունը շատ թե քիչ պարզ են։ Խելամիտ ժամկետն ամիսների, և ոչ թե տարիների հարց է»,- ասաց քաղաքագետը։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-