ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել Հայիթիի տուժածների օգտին

29.01.2010, 14:57
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել Հայիթիի տուժածների օգտին

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան վեց հասարակական կազմակերպություններ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի հետ համատեղ ուրբաթ բարեգործական ցուցահանդես-վաճառք են կազմակերպել՝ Հայիթիի երկրաշարժից տուժածներին աջակցելու նպատակով։

«Մենք ուրախությամբ ենք իրականացնում այդ հասարակական նախաձեռնությունը, որի հեղինակը մեր լավագույն գործընկերն է՝ ՄԱԿ Ասոցիացիան»,- իր ողջույնի խոսքում ասաց ՄԱԿ-ի հասարակական-տեղեկատվական բաժնի ներայացուցիչ Մարիա Դոցենկոն։

«Հայիթիի ողբերգությունը մեզ հիշեցրեց Սպիտակի սարսափելի դեպքերը (1988 թվականի երկրաշարժը)։ Այդ առումով անհրաժեշտ և օգտակար է նմանատիպ միջոցառման կազմակերպումը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են իրենց լուման ներդնել տուժածներին աջակցելու համար»,- իր հերթին ասաց ՄԱԿ-ի Ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ոսկանյանը։

Ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են հենց կազմակերպությունների անդամների պատրաստած աշխատանքները՝ նկարներ, քանդակներ, երեխաների և հաշմանդամների, մասնավորապես, «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև «Դավիթ» մշակութային կենտրոնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկապատանեկան կենտրոնների, Համահայկական բարեգործական միության, «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնի, «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների աշխատանքները։

Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կուղղվի Հայիթիի երկրաշարժից տուժածների աջակցության ֆոնդին։ -0-