ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լոնդոնում, հինգշաբթի մասնակցել է Աֆղանստանի խնդրին նվիրված միջազգային խորհրդաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ համաժողովն անցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Միացյալ թագավորության վարչապետ Գորդոն Բրաունի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հովանու ներքո և մասնակցությամբ:
Խորհրդաժողովին ներկա էին շուրջ 70 երկրների արտգործնախարարներ և 10 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Խորհրդաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հայտարարություն, որով վերահաստատել են միջազգային հանրության պատրաստակամությունը՝ աջակցել Աֆղանստանում կայունության, անվտանգության և ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
Խորհրդաժողովի մասնակիցները երախտագիտություն են հայտնել այն երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունենում Աֆղանստանի խնդիրների լուծմանը:
Աֆղանստան մեկնող հայկական համակազմում կընդգրկվեն հետևակային դասակը, մեկ սպա-բժիշկ և երեք շտաբային սպաներ, որոնք կգտնվեն հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում և կապահովեն Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը(տաջիկստանից 40 կմ հեռավորության վրա), մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը:
Հայկական համակազմը Աֆղանստանում գործելու է գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում: Խաղաղապահների փոխարինումը կիրականացվի կես տարին մեկ անգամ:-0-