ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան 2009թ.-ին իր տարածքում հայկական ոչ մի մշակութային հուշարձան չի վերականգնել, ուրբաթ լրագրողներին ասաց հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը:
«Թուրքիան շարունակում է տեղեկատվություն տարածել այն մասին, որ վերականգնում է հայկական մշակութային հուշարձաններն ու արժեքները, սակայն 2009թ.-ի ընթացքում ոչ մի հուշարձան չի վերականգնվել»,- ասաց Կարապետյանը:
Ըստ նրա, 2009թ.-ին թուրքական իշխանությունները վերականգնել են միայն Տիգրան Օնեցու եկեղեցին (1205թ.)՝ ներկայացնելով այն որպես վրացական եկեղեցի:
Կարապետյանը նշեց, որ ողջ հայկական համայնքը պետք է պատասխանատվություն կրի հայկական մշակութային հուշարձանների պահպանման համար:
«Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր հայ ուժ է, և մենք պետք է միասին պայքարենք մեր արժեքների պահպանման համար, հակառակ դեպքում, կկորցնենք մեր անգին հարստությունը»,- հայտարարեց նա:
Ընդ որում փորձագետը հավելեց, որ Ադրբեջանում հայկական խաչքարերի անպատիժ մնացած կործանումը ցույց տվեց, որ միջազգային կազմակերպություններին չի հուզում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների ճակատագիրը:
«Այդ պատճառով մենք ինքներս պետք է հոգ տանենք, այդ թվում քաղաքացիական ու պետական մակարդակներում մեր հուշարձանների ու բազմադարյա մշակույթի պահպանման մասին»,- ընդգծեց Կարապետյանը: -0-