Հայաստանի նախագահը կոչ արեց Վերահսկիչ պալատի աշխատակիցներին ճնշումների չտրվել և կարողանալ «ոչ» ասել

22.01.2010, 15:54
Հայաստանի նախագահը կոչ արեց Վերահսկիչ պալատի աշխատակիցներին ճնշումների չտրվել և կարողանալ «ոչ» ասել

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում կոչ արեց նրանց չտրվել ճնշումների և կարողանալ «ոչ» ասել, ավելի սկզբունքային լինել բացահայտված թերությունների վերացման գործում։

«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա «ոչ» ասել իր բարեկամին, ընկերոջը, հարազատին կամ ցանկացած պետպաշտոնյային։ Եթե մարդն, ումից կախված է այլ մարդկանց աշխատանքի գնահատականը, չի կարողանում ասել «ոչ», նա չի կարող արդյունավետ աշխատել այս պաշտոնում»,- հայտարարեց նախագահը՝ հավելելով, որ նույնիսկ մտերիմ մարդու խնդրանքը ճնշման մի ձև է։

Նա նշեց, որ նույնիսկ չնայած Հայաստանի յուրահատուկ պայմաններին, Վերահսկիչ պալատի աշխատակիցներն ու առհասարակ պետպաշտոնյաները պետք է բարձունքի վրա լինեն և անթերի կատարեն իրենց աշխատանքը։

«Մենք փոքր երկիր ենք, և կարծում եմ՝ բավական է մի քանի ժամ, որպեսզի մարդիկ, լինեն դրանք հանցագործներ, իրավախախտողներ կամ թերացումներ թույլ տված անձինք, ուղի գտնեն ցանկացած պետպաշտոնյայի վրա ազդեցություն գործելու համար»,- նկատեց նա։

Սարգսյանն ընդգծեց, որ եթե աշխարհի ցանկացած երկրում ոտնձգությունը պետական սեփականության նկատմամբ հանցագործություն է համարվում, ապա Հայաստանում դա կրկնակի հանցագործություն է՝ նկատի առնելով մի շարք խնդիրներ։ 

Նախագահն ավելացրեց, որ պետական փողերի նկատմամբ ոտնձգություն կատարած պաշտոնյան պետք է ամենաանընդունելի մարդը դառնա հայկական հասարակությունում, և Վերահկսիչ պալատը պետք է կարևոր դեր խաղա հասարակությունում նման մոտեցման ձևավորման հարցում։ -0-