Հայաստանի և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել. ԱԳՆ

22.01.2010, 10:29
Հայաստանի և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել. ԱԳՆ
Հայաստանի և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայից (Dafina Gerchev) հավատարմագրերի պատճեները:

«ՀՀ ԱԳ նախարարը, շնորհավորելով Դաֆինա Գերչևային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել և հույս է հայտնել, որ նորանշանակ մշտական ներկայացուցիչը իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ընդլայնմանը», - հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ արտգործնախարարը նաև բարձր է գնահատել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակների գործունեությունը և ԱԳՆ աջակցությունն է հայտնել 2010-2015թթ.-ի ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերին:

Դաֆինա Գերչևան իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ներգրավվածության բարձրացմանը և նախագծերի իրականացմանը:

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աշխատանքների և իշխանությունների հետ համագործակցության ընթացքում կուտակած դրական փորձը կարող է կիրառվել նաև այլ երկրներում:

Դաֆինա Գերչևան ծնվել է 1958 թ. Բուլղարիայում: Կրթություն է ստացել Սոֆիայի ազգային և աշխարհի տնտեսության համալսարանում` տնտեսագիտություն, քաղաքական տնտեսագիտություն և սոցիոլոգիա, այնուհետև` շրջակա միջավայրի տնտեսագիտություն մասնագիտություններով:

1994-2002 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բուլղարիայում, իսկ 2002 թվականից` նաև Բրատիսլավայում և Սլովակիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակներում: Երկու տասնյակ աշխատությունների հեղինակ է, տիրապետում է անգլերեն, ռուսերեն, բուլղարերեն, մակեդոներեն և սերբերեն լեզուներին:-0-