Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտացվի Թուրքիայի հետ հարաբերություններում. պատգամավոր

13.01.2010, 15:32
Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտացվի Թուրքիայի հետ հարաբերություններում. պատգամավոր

Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտացվի Թուրքիայի հետ հարաբերություններում՝ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Անկարայի կողմից պարբերաբար առաջ քաշվող նախապայմաններին համապատասխան արձագանք տալու համար, կարծում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

«Թուրքիան միանգամայն բաց հայտարարում է, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի թուրքական խորհրդարանում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ միայն Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում, իսկ մենք ի պատասխան ոչինչ չենք ասում»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա, պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ Թուրքիան, փակելով Հայաստանի հետ սահմանը, միջազգային իրավունքի համաձայն ագրեսիայի ակտ է իրականացրել, և այսօր նախապայմաններ առաջ քաշելու որևէ բարոյական իրավունք չունի։

«Առաջիկա ամիսները կարող են լարված լինել արձանագրությունների հարցում Հայաստանի վրա գործադրած արտաքին ճնշման առումով։ Պետք է ավելի զգոն լինել»,- նշեց Խաչատրյանը։

Պատգամավորի կարծիքով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցը նույնպես ուղղված է Ռուսաստանի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելուն։

«Էրդողանը մտադիր է Ռուսաստանի միջոցով գոնե որևէ զիջումների հասնել Հայաստանի կողմից ղարաբաղյան հարցում՝ Ադրբեջանի առջև Թուրքիայի վարկանիշը փրկելու համար»,- ասաց պատգամավորը։

ՀՀ ՍԴ-ն հունվարի 12-ին որոշում է ընդունել, ըստ որի դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։  

Հայկական օրենսդրության համաձայն՝ ՍԴ-ում միջպետական համաձայնագրերի քննարկումից հետո դրանք փոխանցվում են խորհրդարան՝ վավերացման համար։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրի խորհրդարանների կողմից:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-