Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրությանը համապատասխան է ճանաչել

12.01.2010, 17:29
Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրությանը համապատասխան է ճանաչել

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։  

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, նման որոշում է կայացրել է ՀՀ ՍԴ-ն երեքշաբթի նիստի ժամանակ։

Դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարկման պահից։  

Որոշման մեջ, որն ընթերցեց Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ն մանրամասն վերլուծել է հայ-թուրքական արձանագրությունների նորմերը՝ հաստատելով, որ փաստաթղթով սահմանված պարտավորությունները փոխադարձ միջպետական բնույթ են կրում և չեն կարող տարածվել երրորդ երկրների վրա։

Ընդ որում ՍԴ անդամները փաստեցին, որ արձանագրությունների առաջնահերթ դրույթը փաստացի հայ-թուրքական սահմանի բացումն է, և բոլոր մյուս պարտավորությունները իրավական ուժ են ստանում միայն բաց սահմանների առկայության պարագայում։

Իր որոշման մեջ ՍԴ-ն հաստատել է, որ արձանագրություններում ամրագրված պարտավորությունները հիմնված են միջազգային իրավունքի և միջազգային փորձի վրա։  Ընդ որում ՍԴ-ն փաստեց, որ արձանագրությունների մեկնաբանումը և կիրառումը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը։  

Արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև իրավապայմանագրային  բազայի ձևավորման սկիզբն են։

Հայկական օրենսդրության համաձայն՝ ՍԴ-ում միջպետական համաձայնագրերի քննարկումից հետո դրանք փոխանցվում են խորհրդարան՝ վավերացման համար։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-