Հայ Հեղափոխական Դաշնակցությունն անօրինական է համարում Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կսկսի հունվարի 12-ին։ Փաստաթղթի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու դեպքում այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։ Դաշնակցությունը դեմ է հանդես գալիս արձանագրությունների վավերացմանը ՝ համարելով, որ դրանք հակասում են Հայաստանի ազգային շահերին։ Այս րոպեներին ՀՅԴ-ն և նրան սատարող ուժերը բողոքի ակցիա են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի առջև։
«Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը չհամապատասխանող կետեր են պարունակում, դրանք ոչ գրագետ են կազմված և սպառնալիք են հանդիսանում երկրի ազգային անվտանգությանը»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա, արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու դեպքում Դաշնակցությունը պայքարելու է Ազգային Ժողովում դրանց վավերացման դեմ։
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-