2010 թ.-ը Հայաստանում մայրենի լեզվի տարի կհայտարարվի. սփյուռքի նախարարություն

29.12.2009, 20:02
2010 թ.-ը Հայաստանում մայրենի լեզվի տարի կհայտարարվի. սփյուռքի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ.-ը Հայաստանում մայրենի լեզվի տարի կհայտարարվի, երեքշաբթի անցնող տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայաստանի բոլոր օտարերկրյա ներկայացուցչություններին 2010 թ.-ի համապատասխան միջոցառումների ծրագիր է ուղարկվել»,- ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ ծրագիրը մեկնարկում է փետրվարի 21-ին՝ պետական մակարդակով նշվող մայրենի լեզվի օրը:

«Նման ծրագրերով մենք պետք է խթանենք սփյուռքի ներկայացուցիչներին՝ ուսումնասիրել և կիրառել հայոց լեզուն»,- նշեց նախարարը:   

Անդրադառնալով Հայաստանում սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման հարցին՝ Հակոբյանը նշեց, որ 2010 թ.-ին նախարարությունը ծրագրում է իրականացնել հայոց լեզվի և պատմության 30 ուսուցիչների վերապատրաստում Լատինական Ամերիկայի երկրներում:

Նմանատիպ ծրագիր նախատեսվում է իրականացնել նաև Ավստրալիայում և Ռուսաստանում:

Հակոբյանը նշեց նաև մշակութային միջոցառումների իրականացման կարևորությունը: «Մենք կարծում ենք, որ մշակույթի միջոցով հնարավոր է մարդկանց վերադարձնել իրենց արմատներին»,- պարզաբանեց նախարարը:

Նա հավելեց նաև, որ 2010 թ.-ին ծրագրվում է «Մեկ ազգ մեկ մշակույթ» խոշոր մշակութային փառատոնի անցկացումը, որի համար պետբյուջեից արդեն միջոցներ են հատկացվել: -0-