ԱՄԷ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. ԱԳ փոխարտգործնախարար

26.12.2009, 11:04
ԱՄԷ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. ԱԳ փոխարտգործնախարար

Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ, ասել է ԱՄԷ փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հեյդանին ասել է, որ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Նալբանդյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Էմիրությունների միջև համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել նաև դեկտեմբերի 24-25-ը ՀՀ  և ԱՄԷ  արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցած քաղաքական առաջին խորհրդատվությունների ընթացքի վերաբերյալ` ընդգծելով դրանց կարևորությունը երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է արվել նաև կովկասյան և մերձավորարեւելյան տարածաշրջանային խնդիրներին և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: -0- Ա.Թ.