Լուրջ խնդիրներ՝ կապված հանրակրթական դպրոցներում աշխատող կադրերի հետ

18.12.2009, 17:38
Լուրջ խնդիրներ՝ կապված հանրակրթական դպրոցներում աշխատող կադրերի հետ
Լուրջ խնդիրներ՝ կապված հանրակրթական դպրոցներում աշխատող կադրերի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության անցկացրած դիտարկումը մի շարք լուրջ խնդիրներ է վերհանել՝ կապված հանրակրթական դպրոցներում աշխատող կադրերի հետ, տեղեկացրեց տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը:

«Հատկապես դա վերաբերում է հանրապետության ծայրամասերի մարզերին»,- ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Մուրադյանի խոսքով, դիտարկումն է իրականացվել է դիմում-բողոքների հիման վրա, որոնք ստացել է տեսչությունը:

«2009թ. սկզբից կրթության պետական տեսչություն է ուղարկվել 570 բողոք-նամակ, որոնց մեծ մասն առնչվել է դպրոցներում ուսուցիչներին աշխատանքից ազատելուն, դպրոցներում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտին և այլն»,- ասաց Մուրադյանը՝ ավելացնելով, որ բավարարվել է 82 բողոք:

Բացի այդ, նա նշեց, որ հայտնաբերվել են դեպքեր, երբ դպրոցի տնօրենները կաշառք են վերցրել, որպեսզի աշակերտները դպրոց չհաճախեն, միևնույն ժամանակ գրանցված մնան:

«Նման դեպքերի վերաբերյալ գործերն ուղարկվել են գլխավոր դատախազություն»,- ասաց Մուրադյանը:-0-