ՀՀ խորհրդարանի ղեկավարը համագործակցության հարցեր է քննարկել Կորեայի վարչապետի հետ

03.12.2009, 11:10
ՀՀ խորհրդարանի ղեկավարը համագործակցության հարցեր է քննարկել Կորեայի վարչապետի հետ
ՀՀ խորհրդարանի ղեկավարը համագործակցության հարցեր է քննարկել Կորեայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Կորե կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում ունեցավ Կորեայի Հանրապետության վարչապետ Չունգ Ուն Չանի հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ ղեկավարը նշեց, որ Հայաստանը կարևորում է ասիական տարածաշրջանի առաջատար երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը` այս համատեքստում անհրաժեշտ համարելով Կորեայի Հանրապետության հետ փոխգործակցության ընդլայնումը:

«ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ  երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ համակրանքը, որը պայմանավորված է նաև  երկու ժողովուրդների անցած պատմական դժվար ուղու և ներկա մարտահրավերների նմանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երկկողմ միջպետական գործակցության հետագա ընդլայնման և խորացման առումով` ԱԺ նախագահը կարևոր համարեց երկու երկրների խորհրդարանների միջև կապերի  ակտիվացումը եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Կորեայի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար առկա է մեծ ներուժ: Նա ընդգծեց առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը:

Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրի միջև առևտրատնտեսական բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջխաղացում, սակայն Հայաստանի և Կորեայի միջև ապրանքաշրջանառության գերակշռող մասը իրականացվում է երրորդ երկրների միջոցով:  Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկու երկրների գործարարների անմիջական շփումները: Երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով ԱԺ նախագահը կարևորեց մշակութային համատեղ ծրագրերի, մշակութային օրերի կազմակերպումը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցում և, հաշվի առնելով այս ոլորտում Կորեայի ձեռքբերումները, առաջարկեց  համագործակցություն ծավալել այս ուղղությամբ եւս. մասնավորապես մասնագետների վերապատրաստում, համատեղ ծրագրերի իրականացում: Փոխգործակցության հաջողված օրինակ է Հարավային Կորեայի ամենախոշոր մասնավոր ընկերություններից մեկը հանդիսացող «GS Group» ընկերության հետ  համագործակցությունը:

Կորեայի Հանրապետության վարչապետ Չունգ Ուն Չանը, ողջունելով  հյուրերին, նշեց, որ 1992 թ. ի վեր, երբ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, ով պաշտոնական այցով ժամանել է  Կորեա:  Կարևորելով երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով` ԿՀ վարչապետը առաջնահերթ համարեց զարգացնել համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության ոլորտներում:  «Եվ Հայաստանը, և Կորեան,  չունենալով հարուստ բնական պաշարներ, տնտեսության և այլ ոլորտներում ունեցել են  ձեռքբերումներ շնորհիվ մտավոր մեծ ներուժի»,-նշեց Չունգ Ուն Չանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «Samsung Electronics»  ընկերություն, որտեղ  գլխավոր տնօրենը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց  ընկերության  գործունեության ուղղությունները, վերջին ձեռքբերումները:-0-