Ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը սկսել է աշխատել «Անուշ» օպերայի նոր բեմադրության վրա

27.11.2009, 18:10
Ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը սկսել է աշխատել «Անուշ» օպերայի նոր բեմադրության վրա

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայազգի ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը հայտնել է, որ սկսել է աշխատել «Անուշ» օպերայի նոր բեմադրության վրա:

«Անուշ» օպերան ստեղծվել է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա:

««Անուշ» օպերայի բեմադրության նոր տարբերակում, նոր կլինի ոչ միայն երաժշտական բովանդակությունը, այլև դեկորը, որը բեմում կփոխարինվի Լոռու գեղատեսիլ բնապատկերներով, բացի այդ նորություններից մեկը կլինի նաև բեմում երաժշտական նվագախմբի տեղակայումը»,- ուրբաթ Երևանում ռեժիսորն ասաց լրագրողներին:

Նրա խոսքով, այս փոփոխությունները թույլ կտան նորովի նայել կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի անմահ ստեղծագործությանը և այն մատչելի կդարձնեն եվրոպացի և մասնավորապես ֆրանսիացի հանդիսատեսին:

«Իրականում «Անուշը» շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետի» հայկական պատմությունն է, որը շատ մոտ ու հասկանալի է ֆրանսիացի երիտասարդությանը»,- ասաց նա:
 
Ռեժիսորի խոսքով իր համար շատ կարևոր է, որ բեմադրությանը երիտասարդ հայ երգիչներ ու երաժիշտներ մասնակցեն:

Ռեժիսորն ասաց նաև, որ առայժմ վաղ է խոսել բեմադրության պրեմիերայի մասին, սակայն առաջիկա աշխատանքի մասշտաբների պատճառով այն մեկ կամ երկու տարուց շուտ չի կայանա: -0-