Թբիլիսիի ավերերված Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման հարցը պետք է քննարկվի միջկառավարական և միջեկեղեցական մակարդակներում. վրացի պատգամավոր

27.11.2009, 12:09
Թբիլիսիի ավերերված Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման հարցը պետք է քննարկվի միջկառավարական և միջեկեղեցական մակարդակներում. վրացի պատգամավոր

ԹԲԻԼԻՍԻ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիի ավերերված Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման հարցը պետք է քննարկվի միջկառավարական և միջեկեղեցական մակարդակներում, ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Թբիլիսիում նոյեմբերի 19-ին փլուզվել է 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին: Եկեղեցու փլուզման կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցին և մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատության են ենթարկել վրացական իշխանությունների անգործությունը: Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոր Տաբատաձեն նախօրեին ՀՀ ազզային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկեղեցին կվերականգնվի մեկ տարվա ընթացքում:

«Հուսով եմ, որ եկեղեցական ինստիտուտները կգտնեն ընդհանուր լեզու: Վրացական իշխանությունները պետք է մեծ ուշադրությամբ վերաբերվեն հայկական կողմի առաջարկներին և քննարկեն դրանք միջկառավարական և միջեկեղեցական մակարդակներում», - ասել է Դարչիաշվիլին:

Դարչիաշվիլու խոսքերով՝ դա ոչ թե ինչ-որ շենքի ավերում է, որն ինքնին արդեն վատ է, այլ եկեղեցու ավերում է:

«Դա հատկապես զգայուն հարց է, չնայած նրան, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ չի գործել: Այդ հարցերը պետք է քաղաքակիրթ ձևով լուծել: Չգիտեմ՝ ով և ինչպես պետք է դա անի, սակայն եկեղեցին պետք է վերականգնվի», - ավելացրել է նա:

Խորհրդարականը նշել է, որ որոշումը պետք է ընդունվի կառավարական մակարդակում՝ երկու երկրների եկեղեցիների մասնակցությամբ:-0-