«Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն» գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել Երևանում

26.11.2009, 16:53
«Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն» գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գրականագետ Դավիթ Գասպարյանի «Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն» գրքի շնորհանդեսն է հինգշաբթի տեղի ունեցել Հայաստանի ազգային գրադարանում:

Ինչպես հայտնեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, գիրքը եզակի է իր տեսակի մեջ:

«Անկախություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտություն էր առաջացել հրատարակել հայ գրականության և հայ մտքի պատմության ոլորտում առաջացած բացը լրացնող գիրք: Այսօր ես մեծ ոգևորությամբ ասում եմ, որ հիանալի գիտնական Դավիթ Գասպարյանի շնորհիվ մենք ունեցանք այդ գիրքը»,- ասաց Սարգսյանը: Նրա խոսքերով՝ գիրքը նվիրված է հին և միջնադարյան հայ գրականության պատմական զարգացման օրինաչափությունների ուսումնասիրմանը:

«Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն» գրքում ներկայացված է հայ գրական մտքի ամբողջական պատմությունը:

Գիրքը նախատեսված է բուհերի հայ բանասիրության բաժնի ուսանողների համար, ինչպես նաև հայագետների, հայոց լեզու և գրականություն դասավանդողների, նաև հայագիտությամբ հետաքրքրվող բոլոր անձանց համար:--0—