ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայագիտության բլոկի դասագրքերը Հայաստանում բազմաթիվ թերություններ ունեն, չորեքշաբթի լրագրողներին ասավ ՀՀ Կրթության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը:
Ըստ նրա, խոսքը մեծամասամբ այնպիսի առարկաների դասագրքերի մասին է, ինչպիսիք են հայոց լեզուն և գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը:
«Սա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունի, որտեղ օբյեկտիվները հանգում են նրան, որ Հայաստանում համապատասխան փորձագետներ և ուսուցիչներ չկան, որոնք պատրաստ են զբաղվել դպրոցների համար դասագրքեր գրելու հարցով, իսկ սուբյեկտիվները՝ որ տարբեր փաստերի և ուղղագրության կանոնների հանդեպ փորձագետները տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ անցկացված հետազոտությունները ցույց են տալիս դասագրքերի որոշակի թերությունները, մասնավորապես դրանց ընկալման բարդությունը, սակայն, ինչպես կարծում է Կենտրոնի տնօրենը, դա ինչ-որ տեղ պայմանավորված է ուսուցիչների՝ նոր նյութի հետ աշխատել չուզենալով:
Ընդ որում նա նշեց, որ ամենից շատ բողոքներ ստացվում են Հայաստանի պատմության դասագրքերից:
Իր հերթին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ այսօրվա դրությամբ լուրջ անհամաձայնություն կա ծրագրի, դասագրքերի բովանդակության և սովորողների իրական գիտելիքների միջև:
Ընդ որում, ինչպես նշեց ընդդիմադիր պատգամավորը, պատմության, գրականության և հայոց լեզվի արդեն գործող դասագրքերում կան բազմաթիվ սխալներ, ինչպես քերականական, այնպես էլ բովանդակային նշանակության, այդ թվում և պատմական ամսաթվերի և իրադարձությունների:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դասագրքերը բարդ են բովանդակային տեսակետից, գրված են խրթին ակադեմիական ոճով, որը մատչելի չէ սովորողների համար, ինչպես նաև գերհագեցած է թվերով ու փաստերով:
«Այս ամենը վկայում է այն մասին, որ դպրոցական դասագրքերի ստեղծման մեխանիզմները պահանջում են արմատական փոփոխություններ, ինչպես նաև տարբեր սխալների ու անհամաձայնությունների հայտնաբերման ավելի երկարատև ու մանրամասն ուսումանասիրում»,- ասաց Բախշյանը:
Այս առնչությամբ նա նշեց նաև հատուկ հիմնադրամների ձևավորման մեխանիզմների ներմուծման անհրաժեշտությունը, որոնք կկարողանան հեղինակներին վճարել դասագիրքը հրատարակության պատրաստելու նախնական փուլի հետ կապված բոլոր ծախսերը:
Հայաստանում այսօրվա դրությամբ կա 140 անուն դասագիրք 1-12 դասարանների սովորողների համար: Ամեն տարի հրատարակության է ներկայացվում շուրջ 20-30 անուն դասագիրք, որոնք պետք է փոփոխվեն ծրագրին համապատասխան 4 տարին մեկ անգամ: Մեկ դասագրքի ինքնարժեքը շուրջ 1500-1600 դրամ է կազմում, ընդ որում դասագրքերի համար վճարում են սպրոցականները դրա արժեքի մեկ քառորդի չափով կամ 300-400 դրամով 4 ուսումնական տարվա ընթացքում: -0-