ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա

19.11.2009, 19:06
ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա
ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի ընդունեց աշխատանքային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Յանեշ Լենարչիչին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-ի տնօրենի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ չափանիշների բացահայտ խախտում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը: 

«Նախարար Նալբանդյանը, գնահատելով  ԺՀՄԻԳ դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության սկզբունքների առաջմղման հարցում, նշեց, որ Երևանը կարևորում է համագործակցությունը գրասենյակի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Յանեշ Լենարչիչը, գոհունակություն հայտնելով Հայաստանի իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին Վարշավայում ԺՀՄԻԳ կենտրոնակայան այցելելու համար:

Ինչպես հայտնվում է, զրույցի ընթացքում կարևորվեց գրասենյակի աջակցությունը թե ընտրական գործընթացների բարելավման, թե դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն իրենց նպաստն են բերում այս ոլորտում առաջընթաց գրանցելու համար: -0-