Դասական ջազը երբեք չի մեռնի. Ջորջ Բենսոն

12.11.2009, 14:23
Դասական ջազը երբեք չի մեռնի. Ջորջ Բենսոն
Դասական ջազը երբեք չի մեռնի. Ջորջ Բենսոն

Համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնը վստահ է, որ դասական ջազն, ինչպես և ցանկացած դասական երաժշտություն, երբեք չի մեռնի։

«Եվ դասական երաժշտությունում, և ջազում կան մեծ կատարողներ, և դա անհնար է խեղդել կամ ոչնչացնել։ Մայլս Դեվիս, Ջոն Քոլտրեյն, Չարլի Փարկեր՝ երբ նրանց լսում ես, վերածնվում ես և հասկանում, որ դրանից դուրս ոչինչ գոյություն չունի»,- ասաց նա հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ջորջ Բենսոնն առաջին անգամ միակ համերգով հանդես կգա Երևանում, համերգը նոյեմբերի 12-ին տեղի կունենա Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Ամերիաբանկի գլխավոր գրասենյակի բացմանը նվիրված համերգը կանցկացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

«Ջազը իմպրովիզացիա է, որը թույլ է տալիս ամեն անգամ փոփոխություններ կատարել նախորդ ելույթում։ Իմպրովիզացիան հնարավորություն է ընձեռում մշտապես կատարելագործվել և ինքդ քեզ գերազանցել՝ տարբեր կերպ ներկայացնելով ստողծագործությունը»,- ասաց Բենսոնը։

Գրեմմիի տասնակի մրցանակակիր 66-ամյա Ջորջ Բենսոնը ջազ-երաժշտության պատմության մեջ ամենավառ կիթառահարներից է, ում կատարողական ներկապնակը միշտ առանձնացել է ոճերի բազմազանությամբ՝ սվինգից մինչև հիփ-հոփ, ջազ-ռոքից մինչև smooth-ջազ, ռիթմ-ն-բլյուզից մինչև փոփ-երաժշտություն։

Երաժշտության աշխարհը գերել է Բենսոնին վաղ պատանեկությունից։ 1964-ին նրա առաջին ալբոմի լույս ընծայումը համարվում է Բենսոնի պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը, ինչից հետո առայսօր թողարկվել է մոտ 60 սկավառակ և 30 սինգլ։

Բենսոնին հռչակ են բերել այնպիսի երգեր,կ ինչպիսիք են «Give Me the Night», «Lady Love Me (One More Time)», «Turn Your Love Around», «Inside Love(So Personal)», «In Your Eyes», «This Masquerade». --0—