ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այժմ Հայաստանի բուհերում ուսանում է շուրջ 6 հազար օտարերկրյա ուսանող, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հայաստանում սովորող ուսանողների ցուցանիշով մենք բավականին լավ դիրք ենք զբաղեցնում աշխարհի այլ երկրների շրջանում, սակայն Հայաստանն ունի աճի մեծ ներուժ», - նշեց նա:
Աշոտյանի խոսքերով, շատ երկրներ շահագրգռված են իրենց ուսանողներին Հայաստանի բուհեր ուղարկելու կապակցությամբ: Ինչպես նշեց նախարարը, նման երկրներից է Քուվեյթը:
Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Քուվեյթ կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների ժամանակ այդ երկրի ղեկավարությունը շահագրգռվածություն է հայտնել իր ուսանողներին Հայաստան ուղարկելու կապակցությամբ, մասնավորապես՝ բժշկական բուհեր:
Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել բուհերում կրթության որակին, քանի որ նրա կարծիքով, այս հարցը երկրի հեղինակության հարցն է:
«Մենք չենք փակի մեր աչքերը երկրի բուհերում կրթության որակի հետ կապված իրավիճակի վրա և պատշաճ կերպով կհետևենք դրան», - հայտարարեց նախարարը:-0-